ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Մրգային չիպսեր Շենաթաղ գյուղի բարիքներից. «Լեռնաչիր»

Գյուղական վայրերում, որտեղ բնությունն ու ավանդույթը միահյուսվում են, ծնվում են եզակի պատմություններ, որոնք մարմնավորում են տարածքի ոգեշնչումն ու իսկական համը։

Շենաթաղ կամ Լեռնաշեն. այսպես է կոչվում Սյունիքի մարզի գյուղերից մեկը, որն առանձնահատուկ է իր բերք ու բարիքով և հյուրընկալությամբ։ Չնայած ակնհայտ դժվարություններին` սոցիալական խնդիրներից մինչև արտահանում և սպառում, բնակիչները շարունակում են ապրել այստեղ և ամեն օր ստեղծել ու արարել, իսկ գյուղի հին և նոր սերունդը փորձում է ամեն կերպ՝ նորարարական միջոցների օգնությամբ, լուծել առկա խնդիրները և ապահովել հայրենի գյուղի զարգացումը։

Այսպիսին է մեր այսօրվա հերոսուհին` Տաթևիկը, ով ծնողների մահից հետո որոշում է պահպանել և խնամել Շենաթաղ գյուղում գտնվող հայրական տունն ու այգին` ստեղծելով իր փոքրիկ բիզնեսը` «Լեռնաչիրը». «Բարիքներն իրացնելու միակ տարբերակը նրանց կյանքը երկարացնելն էր, որի համար, որպես տարբերակ, որոշվեց մրգա-բանջարեղենային չիպսերի և փոշիների փոքրիկ արտադրամաս ստեղծել»:

Երկար փնտրտուքից և մի շարք դժվարություններ հաղթահարելուց հետո Տաթևիկ Շահյանը հիմնադրում է մրգաբանջարեղենային չիպսերի, չորացրած հատապտուղների և դրանցից պատրաստված փոշիների արտադրամաս։ Հիմնադրի խոսքերով՝ այս ամենը հնարավոր չէր լինի ստեղծել, եթե նրա բիզնեսի կայացման ճանապարհին չհանդիպեին Իմփաքթ Հաբ Երևանը և ԱԿԲԱ ֆեդերացիան, որոնց օգնությամբ նրանք հայտնվեցին բիզնես մտածողության նոր մակարդակում, իսկ սարքերը ձեռք բերելու հարցում մեծ դեր է ունեցել USAID-ն` տրամադրելով ֆինանսական աջակցություն։

Հաղթահարելով անհնարին թվացող դժվարությունները` ներկայում «Լեռնաչիրը» գծում է ապագայի պլանները և պատրաստվում ընդլայնվել։ Տաթևիկը նշում է. «Սկսած գործը տրամաբանական շարունակություն է ուզում, իսկ մեր թիմը պատրաստ է դրան։ Չանել, նշանակում է կորցնել թանկորեն ձեռք բերած գիտելիքները»։

Սննդի ոլորտում բիզնես սկսելը ենթադրում է մանրակրկիտ աշխատանք և ուշադրություն՝ յուրաքանչյուր դետալին, որը վերաբերում է առողջությանը և հիգիենային։ Այս նպատակով էլ արտադրական ամբողջ գործընթացը տեղի է ունենում փակ արտադրական տարածքում, չորացվում են դեհիդատներում, ինչը փաստում է, որ հետագայում կարիք չկա չիպսերն օգտագործելուց առաջ լվանալ։

Չորացրած մրգերը թարմ մրգերից տարբերվում են միայն ջրի քանակի պարունակությամբ, որը չիպսերում մինչև 5 տոկոսն է պահպանվում՝ փոխարենը ձեռք բերելով արտահայըված համային որակներ։ Մրգերը, հատապտուղներն ու բանջարեղենը չորացվում են մինչև 48 °C ջերմաստիճանի պայմաններում, ուստի պահպանվում են ջերմության հանդեպ անգամ ամենազգայուն վիտամինները։

Տաթևիկն ասում է. «Մեր կարևոր սկզբունքն է ստանալ բնական, առանց շաքարի և սննդային հավելումների արտադրանք։ Պատահական չէ, որ մեր կարգախոսը Հիպոկրատի հայտնի արտահայտությունն է՝ «Սնունդը պետք է լինի դեղ, իսկ դեղը՝ սնունդ»»։

Ավարտելով զրույցը` «Լեռնաչիր» ընկերության հիմնադիրն իր խորհուրդն է տալիս բիզնեսում առաջին քայլերն անողներին.

«Եթե միտքը գլխում արդեն հասունացել է, ու կան նվազագույն նախապայմաններ, նպատակաուղվվածությունը և համառությունը՝ թեկուզ դժվարություններով, հաջողություն կբերեն։ Մի՛ վախեցեք մտքերն իրականություն դարձնել՝  նրանց ձև և բովանդակություն հաղորդելով»։

Կիսվել նյութով