Մեղվաբուծությունը Հայաստանում սկսել է զարգանալ դեռևս անհիշելի ժամանակներից, քանի որ տարածաշրջանի կլիման նպաստավոր է։ Իսկ ժողովրդի մոտ մշտապես մեղրը հանդիսացել է հյուրասիրության լավագույն միջոցներից մեկը, որը ծառայել է նաև որպես բուժիչ միջոց։
Մեր օրերում այս ուղղությունը գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է։ Խորհրդային տարիներին Հայաստանում կար 260-300.000 մեղվաընտանիք, որոնցից յուրաքանչյուրը 30-40 կգ բերք էր տալիս, իսկ ներկայումս` 25-30 կգ։
Մեղվաբուծությունն իր սահմանները տարածել է Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում` ներառելով նաև Ճամբարակի շրջանը, որտեղ էլ ծնվել է մեր զրուցակիցը` Հայարփի Հակոբյանը։ Ծնվելով մեղվապահների ընտանիքում` Հայարփին մանկուց երազել է օգնել ծնողներին զարգացնելու մեղվապահական ֆերման և կառուցել մի վայր, որտեղ այցելուները մարդիկ հնարավորություն կունենան մեղր համտեսելու և մասնակից լինելու մեղվապահական աշխատանքներին ու մեղրաքամի գործընթացին։
«Տանը լավ սովորություն ունենք, մեր տուն եկած հյուրերին անպայման մեղր ենք հյուրասիրում, հատկապես եթե մեղրաքամի շրջանն է». հավատարիմ մնալով ավանդույթներին` Հայարփին իր գործընկերոջ հետ որոշում է ընտանեկան սովորույթները վերածել փոքրիկ բիզնեսի և 2020 թվականի նոյեմբերին հիմնադրում են «Ագրի» ՍՊԸ-ն։
Ընկերությունը զբաղվում է բնական մեղրի արտադրությամբ Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում և օրգանական մեղրի արտադրությամբ Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում։ Շուտով շուկայում էկոլոգիապես մաքուր մեղրը ներկայացված կլինի AUREA ապրանքանիշի ներքո։
2021 թվականին մասնակցելով «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար» ծրագրին և դառնալով դրամաշնորհի շահառուներից մեկը, Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում սկսվում է «Beeography» հյուրատան և մեղրի համտեսի սրահի կառուցման աշխատանքները, որը այս տարվա մայիս-հունիս ամիսներին վերջնական տեսքի կլինի։ Հյուրատանը կից կան նաև փայտե տնակներ, որոնք` նախատեսված են 2-4 հոգու համար, իսկ ընդհանուր տարածքում կարող է հյուրընկալվել 35 հոգի։ Այստեղ հյուրերը հնարավորություն կունենան կազմակերպել դասընթացներ, իրականացնել մեղրի համտես, թեյախմություն, այցելել օրգանական մեղվապահության մեղվանոց, ցանկության դեպքում նույնիսկ մասնակցել գործընթացներին։
Հյուրատուն ստեղծելու միտքը առաջացել է դեռևս 2017-2018 թվականներին, սակայն Հայարփին հասկանում է, որ, լինելով աշխարհագետ-մանկավարժ, բիզնեսի ճանապարհը դժվար է լինելու` առանց անհրաժեշտ գիտելիքներն, սակայն մասնակցելով մի շարք դասընթացների և ծրագրերի սկսում է առաջին քայլերն անել ոլորտում. «Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում հյուրատուն կառուցելու մեր հիմնական նպատակը գյուղը զբոսաշրջային նոր ուղղություն դարձնել է։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր հոգնել են ավանդական զբոսաշրջային ուղղություններից և ցանկանում են Լոռու այս գողտիկ անկյունը բացահայտել, կարող են ընտրել «Beeography»–ն, միաժամանակ նպաստելով գյուղում տուրիզմի զարգացմանը»։
Ֆինանսական դժվարություններ, ռիսկային որոշումներ և այս ամենը բիզնեսը հաղթահարել է մի շարք աջակցությունների և համառ առաջ շարժվելու շնորհիվ. «Աջակցություններ շատ ենք ունեցել, առանց որոնց ուղակի առաջ գնալ և այս կետին հասնել հնարավոր չէր։ Օրգանական գյուղատնտեսության զարգացման հարցում աջացկություն ենք ստացել ԵՄ–ն կանաչ և օրգանական գյուղատնտեսության աջակցության, Ակբա բանկի և NABU հայաստանյան մասնաճյուղի համատեղ «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» և EU4IMPACT ծրագիրերի շրջանակներում»։
Ավարտելով զրույցը` «Beeography» հյուրատան հիմնադիրը բիզնեսում առաջին քայլերն անողներին խորհուրդ է տալիս`
«Չվախենալ առաջին քայլը անելուց, հավատալ ուժերին և գաղափարին նաև բաց լինեն համագործակցությունների համար։ Հաճախ չեն էլ կարող պատկերացնել, թե որտեղից է գալիս հերթական հաջողությունը»։