ARMSME

DreamBox. խաղեր, որոնք կրթում են պատասխանատու քաղաքացիների և ձևավորում առողջ սովորություններ

Խաղերը, որոնք համատեղում են կրթական տարրերը զվարճանքի հետ, մեծ ներուժ ունեն երեխաների հմտություններն ու գիտելիքները զարգացնելու համար: Նման ապրանքները ոչ միայն գրավում են երիտասարդ սպառողների ուշադրությունը, այլև օգնում են նրանց սովորել և զարգանալ զվարճալի և հետաքրքիր ձևով:

Կրթությունը, ժամանցը և մշակութային արժեքները համակցող բիզնես ստեղծելը պահանջում է ոչ միայն ստեղծագործական մտածողություն, այլև շուկայի և թիրախային լսարանի կարիքների խորը պատկերացում: Հատկապես երեխաների համար խաղային ապրանքների ոլորտում, որտեղ յուրաքանչյուր ասպեկտ պետք է ուշադիր ուսումնասիրել և հարմարեցնել երեխաների զարգացող մտքերին: Նման հաջողված բիզնեսի օրինակ է DreamBox-ը, որը հայկական արտադրության ստեղծագործական հավաքածուներ և խաղեր է՝ հիմնադրված Ինեսսա Ռևազյանի կողմից։ 

«‎Ես մասնագիտությամբ ճարտարապետ եմ և երբեք չեմ մտածել որ կարող եմ մի օր բիզնեսով զբաղվել, քանի որ չէի պատկերացնում որ այս ոլորտը ստեղծագործ մարդու համար է։ Բայց հետո հասկացա, որ միշտ չէ, որ լուծումները չոր հաշվարկների և հստակ պլանավորման մեջ են։ Շատ ժամանակ խնդրի լուծումը «քառակուսուց դուրս» մտածելն ու այն պատկերավոր տեսնելն է։ Երեխաներիս խնամելու ընթացքում սկսեցի ուսումնասիրել մանկական հոգեբանությունը, նրանց տարիքային առանձնահատկությունը, խնդիրները, փորձում ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նրանք կարող են ազատ խաղալ, ստեղծագործել և ինչ-որ զբաղմունքներ ինքս էի ստեղծում նրանց համար»‎։

Մեր օրերում, երբ երեխաների հիմնական զբաղմունքը դարձել են օնլայն խաղերը և հավելվածները, DreamBox-ն իր առաջ խնդիր է դրել՝ օգնել երեխաներին զարգացնել երևակայությունը, ճանաչել սեփական զգացմունքները և օգնել կառավարել դրանք, ձևավորել առողջ սովորություններ փոքր տարիքից՝ հեռու լինելով էկրաններից։

Խոսելով DreamBox-ի առավելությունների մասին՝ հիմնադիրը նշում է, որ նրանք կարևորում են բնական նյութերի օգտագործումը արտադրանքի մեջ․ «‎Օրինակ, ունենք «Միկրոկանաչիներ աճեցնելու հավաքածու», որը հնարավորություն է տալիս երեխաներին հետևել բնության հրաշքին՝ ցանել սերմեր և ստանալ ուտելի կանաչիներ, լինել ավելի համբերատար և պատասխանատու, հոգատար բնության նկատմամբ և ձևավորել առողջ սննդային սովորություններ»‎։ Այս խաղը լավ փորձառություն է այն երեխաների համար, որոնք չեն սիրում կանաչիներ ուտել և արդեն ունեն մի շարք հաջողության պատմություններ։

Այս հաջողության պատմությունների կողքին շատ են մարտահրավերները և խոչընդոտները, սակայն Ինեսսան փորձում է խնդիրները դիտարկել որպես հնարավորություն ավելին անելու և ևս 1 քայլով մոտենալու նպատակների իրագործմանը․ «Ի ուրախություն ինձ միշտ ճիշտ պահին և ճիշտ տեղում հայտնվում են այնպիսի մարդիկ, ընկերներ կամ հին ծանոթներ, ովքեր օգնում են, աջակցում և ոգևորում հաղթահարելու տարբեր խնդիրներ։ Ամեն անգամ զարմանում եմ, երբ անելանելի թվացող հարցը լուծվում է լավագույն ձևով‎»։‎

Եզրափակելով զրույցը DreamBox-ի հիմնադիր Ինեսսա Ռևազյանը իր խորհուրդն է տալիս այն մարդկանց, ովքեր իրենց առաջին քայլերն են անում բիզնեսում՝ 

«‎ Խորհուրդ կտամ լինել ավելի նախաձեռնող, ինքնակրթվել և չվախենալ սխալվելուց։ Կարծում եմ միշտ չէ, որ գիտելիքը բավարար է, հատկապես բիզնես ոլորտում։ Իմ փորձից ելնելով, կարող եմ ասել, որ պետք է փորձել, սխալվել, փորձից ելնելով կատարել փոփոխություններ և թեկուզ փոքր քայլերով, բայց շարժվել առաջ՝ անընդհատ մտքում պահելով այն նպատակը, որին հասնելու համար ընտրել եք այս հետաքրքիր և գուցե դժվար ճանապարհը»‎։

Գնե՛ք հայկականը, ի շահ Հայաստանի և հայ արտադրողի։

Կիսվել նյութով