ARMSME

Մատենդարանի նորարարական ծրագիրը՝ տեղական թղթի արտադրություն․ «Շերամաթուղթ»

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը բացառիկ արժեքավոր ձեռագրական հավաքածու ունեցող գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան է։ Մատենադարանի պատմությունը գալիս է դարերի խորքից, քանի որ նրա հավաքածուի հիմքը Ամենայն Հայոց կաթողիկոսության՝ Սուրբ Էջմիածնի ձեռագրական հավաքածուն է: Որպես գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանը գործում է 1959 թվականից։

Տարիներ շարունակ Մատենադարանը, ինչպես աշխարհի բազմաթիվ այլ կենտրոններ, ձեռագրերի վերականգնման համար նախատեսված թուղթը ներկրել է Ճապոնիայից, սակայն վերջերս վերականգնման բաժնի աշխատակիցները անցկացրել են ուսումնասիրություններ՝ հիմք դնելով մի նախագծի, որը կոչվում է «Շերամաթուղթ» և որի կարևորությունը պարզելու համար զրուցել ենք ծրագրի համակարգող Անի Սիմոնյանի հետ։ 

Նախագծի գաղափարը Մատենադարանում տեղական հումքով պատրաստված վերականգնման հատուկ թղթի արտադրության հիմնումն է, որը հնարավորություն կտա Մատենադարանին, ինչպես նաև Հայաստանում գործող պատմամշակութային պահպանության այլ կարևոր կառույցներին, ունենալ վերականգնման համար անհրաժեշտ թղթի սեփական աղբյուրը։ 

Այս մասին Սիմոնյանը ասում է․ «Բացի այն, որ Մատենադարանը տարեկան խոշոր բյուջե է հատկացնում  ներկրվող թղթի համար, նաև ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում, երբեմն ներկրման գործընթացները տևում են նախատեսվածից ավելի երկար։ Մատենադարանի Վերականգնման բաժնի մասնագետները, որ սկսած 2012 թվականից ծանոթ են և աշխատում են ճապոնական թղթով, կատարել են խոր ուսումնասիրություններ,որպեսզի գտնեն դրա ստացման եղանակները»։

Երկարատև ուսումնասիրությունները շուտով տվել են իրենց արդյունքը և ծրագրի թիմում ներգրավված աշխատակիցները  բացահայտել են ծառատեսակներ, որոնք թե՛ արտաքին տեսքով և թե՛ իրենցից ստացված հումքով գրեթե չեն տարբերվում Ճապոնիայում աճող համապատասխան ծառերից։

2017 թ․ վերականգնողների նախաձեռնությամբ իրականացվում է ծառատունկ, որը նպատակ ուներ լուծել բնապահպանական և հետագայում թղթարտադրության համար հումքի ձեռքբերման հարցերը․ «Ծառատունկից 3 տարի անց հնարավոր եղավ ստանալ վերականգնման թղթի առաջին փոքրաթիվ փորձանմուշները։ Ոգեշնչված գրանցած հաջողությամբ՝ որոշվեց ավելի զարգացնել Մատենադարանում թղթարտադրություն հիմնելու գաղափարը»,- նշում է Անին։

Նախագիծը դեռևս գաղափարի փուլում է, թեպետ վերջին շրջանում կատարվել են գործնական քայլեր այն կյանքի կոչելու ուղղությամբ։ Ներկայումս Շերամաթղթի համար նշանակալի շրջափուլ է, քանի որ Մատենադարանի Վերականգնման բաժնի երեք աշխատակիցներ Եվրոպական Միության կողմից ֆիանասավորվող EU4Culture ծրագրի շրջանակում արժանացել են դրամաշնորհի և վերապատրաստման դասընթաց են անցնելու Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, որից հետո արդեն կսկսվի արտադրության գործընթացը․ «Մեզ համար սկզբունքային է, որ Մատենադարանում մեկնարկող յուրաքանչյուր նախագիծ լինի պրոֆեսիոնալ հենքի վրա»։ 

Ավարտելով զրույցը՝ Անի Սիմոնյանը իր խորհուրդը տվեց այն մարդկանց, որոնք դեռ վախենում են սեփական բիզնեսը սկսել․ 

«Յուրաքանչյուր ծրագրի հաջողության գրավականը ողջամիտ ղեկավարությունն ու նվիրյալ աշխատակիցներն են։ Բախտն այս հարցում մեզ ժպտացել է»։

Կիսվել նյութով