Հայաստանի չքնաղ քաղաքներից Մեղրին աչքի է ընկնում իր հարուստ բնությամբ և հյուրընկալ բնակիչներով։ Այստեղ ամեն ինչի հիմքը բնությունն է՝ արևի տակ հասունացող քաղցրահամ մրգերը, որոնց յուրահատուկ համն ու հոտը տարածաշրջանի այցեքարտն են դարձել։ Մեղրիի բնակիչ Նարինեն 2019 թվականին որոշեց այս բնական բարիքներին տալ նոր կյանք՝ դրանք վերածելով եզակի շոկոլադապատ չրային կոնֆետների և ընդեղենային սալիկների, որոնք կարտահայտեն տարածաշրջանի պատմությունն ու ավանդույթները և ստեղծեց «Նազանի» ձեռագործ շոկոլադապատ կոնֆետները։
Այս յուրահատուկ կոնֆետների բաղադրատոմսն ունի 3 սերունդների պատմություն, այն փոխանցվել է տատիկից և ուղեկցել է աղջիկների մանկությունը, ապա վերափոխվել է՝ դառնալով բիզնես գաղափար, որի միջոցով շատերը բացահայտում են Սյունիքի սրտում գտնվող Մեղրին։
Բելգիական բարձրակարգ մուգ շոկոլադ, չրեր արևահամ Մեղրիից և պատրաստ են ձեռագործ կոնֆետները, որոնք մեկտեղում են տարածաշրջանի ավանդույթները և ժամանակակից մոտեցումները։ Արտադրական ամբողջ գործընթացը վերահսկում է Նարինեն․ մրգերը հավաքվում է տեղում, պատրաստվում է չիրը, ապա վերջում պատվում բարձրորակ շոկոլադով։
«Նազանի» բրենդը գործում է արդեն հինգ տարի։ Այս տարիների ընթացքում «Նազանի»-ն գրանցել է մի շարք հաջողություններ, ունեցել ավելի քան 1000 գոհ հաճախորդ, վաճառք 8 տարբեր երկրներում և բազում դրական կարծիքներ, սակայն այս ամենի կողքին եղել են մի շարք անհաջողություններ, մարտահրավերներ և հիասթափությամբ լցված պահեր։ Ըստ հիմնադրի խոսքերի այս դժվարին պահերին, հիշելով «Նազանի»-ի համայնքային նշանակության և կարևորության մասին, նա շարունակել է շարժվել առաջ և շոկոլադե երջանկություն սփռել ամենուր։
«Նազանի»-ի հիմնադիր Նարինեն համոզված է, որ այս բիզնեսն ավելի մեծ առաքելություն ունի։ Այն եկել է ապացուցելու, որ մարզերը կարող են դառնալ տնտեսական զարգացման կարևոր կենտրոններ։ «Հայաստանի մարզերը պետք է ավելի շատ ուշադրություն ստանան։ Ես ցանկանում եմ, որ մարդիկ տեսնեն, թե ինչ հնարավորություններ կան մարզերում, և հավատան իրենց ուժերին»,- նշում է Նարինեն։Այսօր «Նազանի»-ն ոչ միայն ներկայացնում է Մեղրիի համերը, այլև հստակ ընդգծում է, որ համառությամբ, նվիրվածությամբ և տեղական արժեքների նկատմամբ սիրով հնարավոր է հասնել հաջողությունների, միայն թե խոչընդոտները պետք է դարձնել հնարավորություն և օգտագործել դրանք ի շահ առաջխաղացման։