ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Հանուն Հայաստանի և հայ արտադրողի․ Buy Armenian

Այսօր մի շարք կարևոր թեմաների շուրջ զրուցել ենք Buy Armenian հարթակի համահիմնադիրներ Լիլիթ և Նշան Օդաբաշյանների հետ։

Նշան Օդաբաշյանը ծնվել է Սիրիրայի Դամասկոս քաղաքում և 12 տարեկան հասակում տեղափոխվել է ԱՄՆ-ի Ռոդ Այլանդ նահանգ։ 1979 թվականին Նշանը բնակություն է հաստատել Կալիֆորնիայի Լոս Անջելոս քաղաքում։ Նա ավարտել է տեղի լավագույն համալսարաններից մեկի ատամնաբուժական ֆակուլտետը, և նեղ մասնագիտությամբ ատամի նյարդի բժիշկ է։ Այս պահին նա դասախոսություններ է կարդում աշխարհի տարբեր համալսարաններում։

Լիլիթ Օդաբաշյանը ևս ծնվել է Սիրիայում՝ Հալեպ քաղաքում։ 19 տարի առաջ Լիլիթը տեղափոխվել է ԱՄՆ։ Նա ավարտել է ճարտարապետական դիզայնի համալսարանը։ Նշանն ու Լիլիթն ունեն 3 զավակ։

«Այս հարթակը ստեղծելու գաղափարը Լիլիթինն էր և պատերազմի սկզբնական շրջանում աշխարհի հայությունն, այդ թվում Լոս Անջելեսի հայերը, բոյկոտում էին թուրքական ապրանքների դեմ, սակայն Լիլիթը մեկ քայլ առաջ մտածեց։ Կարող էինք գնել տարբեր երկրների արտադրանք, սակայն դա օգուտ չէր տա հայկական տնտեսությանը։ Այս հարթակի շնորհիվ մենք հայկական արտադրանքը ծանոթացնում ենք օտարներին», — ասում է Նշանը։

Լիլիթը հավելում է, որ այդ ցույցերի ժամանակ հասկացավ, որ բոյկոտ անելը լավ է, և պետք չէ գնել թուրքական ապրանք, սակայն մտածեց, որ պետք է ինչ որ բան անել, որը Հայաստանին օգուտ կտա և դրա համար պետք է գնել հայկական արտադրություն։ «Ֆեյսբուքում հրապարակում տեղադրեցի և հետաքրքրվեցի, թե որտեղի՞ց կարող ենք գնել հայկական արտադրություն։ Այդ հրապարակումս շատ արձագանքներ ունեցավ։ Տեսնելով դա` բացեցի ֆեյսբուքյան խումբ, հրավիրեցի ընկերներիս, ընկերներս իրենց ընկերներին հրավիրեցին և մենք ընդամենը 10 օրում 10000 հետևորդ ունեցանք։ Ես դիմեցի Նշանին, սկսեցինք ակտիվացնել էջը և խումբը։ Ժամանակի ընթացքում, հասկացանք, որ տարբեր խնդիրներից խուսափելու համար կարելի է օնլայն վաճառք կազմակերպել և ստեղծեցինք buyarmenian.com կայքը», — ասում է նա։

Թե՛ Նշանի, թե՛ Լիլիթի նպատակը մեր երկրում տնտեսության զարգացումն է և նրանք անում են հնարավոր ամեն ինչ դրա համար։ «Գիտեինք, որ կորոնավիրուսային համաճարակի և պատերազմի պատճառով Հայաաստանում կային դժվարություններ։ Մտածեցինք, որ սա լավագույն ձևն է հայկական տնտեսությունը զարգացնելու համար։ Մենք ամեն գնով զարգացնելու ենք մեր տնտեսույթունը։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հաջողության հասնենք և մեր ապագան տեսնում ենք Հայաստանում», — ասում են նրանք։

Buy Armenian-ի հիմնադիրներն այս հարթակի շնորհիվ ստացել են հոգեկան գոհունակություն։ Նրանց խոսքով, այս հարթակի շնորհիվ նրանք զգում են ուրախություն և հպարտ են, որ կարողանում են լավ գործ անել Հայաստանի համար։ «Գումարով գնված բանը որոշ ժամանակ անց կորցնում է իր նշանակությունը, իսկ հոգեկան ուրախությունն ու հանգստությունը մնայուն են և դա քեզ տալիս է դրական էներգիա, որպեսզի կարողանաս ավելին անել հայրենիքիդ համար։

Այն գոհունակությունն ու կարծիքները, որոնք ստանում ենք արտադրողներից մեզ շատ քաջալերում է, և դա այն բանն է, որ չես կարող գումարով գնել»։

Չնայած բոլորիս կողմից սիրված հարթակը մեծ թափով զարգանում է, սակայն ծավալած 2,5 տարվա գործունեության ընթացքում այն բախվել է մի շարք ռիսկերի, որոնք հիմնականում եղել է ֆինանսական փոխանցումների հետ կապված։Լիլիթ և Նշան Օդաբաշյանները մեծ ակնկալիքներ ունեն կապված Buy Armenian-ի հետ, նրանք ցանկանում են հարթակը դարձնել միջազգային և վաճառքներն իրականացնել ողջ աշխարհում։ «Ակնկալում ենք, որ Հայաստանի տնտեսությունն այնքան աճի, որ այն հայերը, որոնք գաղթել են աշխատանք չունենալու պատճառով վերադառնան և հզորացնեն Հայաստանը։ Դա աջակցություն կլինի յուրաքանչյուր հայի համար, և հույս ունենք, որ հայերը կաշխատեն իրար հետ, այլ ոչ թե իրար դեմ», — ասում է Նշանը։

Զրուցեցինք նաև Զատիկի փառատոնի մասին՝«Դեռ նախորդ տարվա նոյեմբերին էինք մտածել փառատոն կազմակերպելու մասին։ Գաղափարը կար, այն ընդլայնվեց, հրավիրեցինք երգիչներ, ավելացրեցինք մշակութային մաս, ստեղծեցինք երեխաների գոտի։ Հրաշալի միջավայրը համեմվելու է տարբեր շոու ծրագրերով։

Քանզի կորոնավիրուսը նահանջել է և Զատիկի տոնն է. սա փայլուն առիթ էր փառատոն կազմակերպելու համար։ Այս փառատոնը ցանկանում ենք դարձնել ամենամյա», — ասում են Buy Armenian-ի հիմնադիրները։Նման փառատոններ կազմակերպվելու են բազմիցս՝ հանուն Հայաստանի և հայ արտադրողի։

Կիսվել նյութով