ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Aveta-ն առողջ երկխոսություն է մաշկի հետ․ Արփինե Պողոսյան

Aveta-ի համահիմնադիր Արփինե Պողոսյանի պատմությունը` որպես ձեռնարկատեր։ 

«Ես Aveta ապրանքանիշի մայրն եմ, ում կրել եմ սրտումս 14 ամիս», — այսպես է ներկայացնում իրեն `մաշկի խնամքի բնական միջոցներ արտադրող Aveta ընկերության հիմնադիր Արփինե Պողոսյանը։

«Aveta-ն առողջ երկխոսություն է մաշկի հետ․ այն խնամքով հագեցնում է մաշկի ծարավն ու տեսանելի թարմություն հաղորդում դեմքին», — այսպես է բնութագրում իր ապրանքանիշը Արփինեն։

Մանուկ հասակում նա ցանկանում էր դառնար մեծանուն գրող և ինչպես ինքն է ասում, դեռ չի հրաժարվել այդ մտքից, սակայն մեծանուն ձեռներեց դառնալուց հետո միայն կմտածի այդ մասին։

Չնայած Aveta-ն իր գործունեությունը ծավալում է գրեթե 2 տարի, արդեն հասցրել է գրավել շատերի սրտերը․ «Համավարակի առաջին օրերին, երբ մենք ստիպված էինք փակվել տանը, ես որոշեցի խնամքով բացել կյանքիս` բնությամբ լի էջն ու մարմին տալ երազանքիս», — ասում է Արփինեն, հավելելով, որ այս կարճ ժամանակվա ընթացքում էլ է հասցրել բախվել մի շարք դժվարությունների․ «Բիզնեսի կայացման ճանապարհն ինձ համար լի էր գործնական և անձնական դժվարություններով ու կորուստներով․ համավարակից մինչև պատերազմ, պատերազմից մինչև վաղաժամ ծնված 4 օրական բալիկիս կորուստ, բայց իմ 5-ամյա Ավետն ու 14-ամսական Aveta-ն օգնեցին ինձ ապրել՝ շարունակելով սիրել կյանքն ու այն ճանապարհը, որն անցնում եմ աղոթքով ու շնորհակալությամբ»։

Երիտասարդ ձեռներեցը պատկերավոր կերպով բացատրեց այս հրաշք միջոցների արտադրական գործընթացի մանրամասները․ «Վարդի հիդրոլատ ստանալու համար պետք է պարզապես թույլ տալ, որ վարդն ու ջուրը գոլորշու քողից ներս գրկախառնվեն։ Իսկ երբ մի սրվակում խնամքով մեկտեղվում են վարդի, մասուրի, հիլի և մի քանի այլ օգտակար ջրագրկախառնություններ ու համեմվում հալվեի ամոքիչ հյութով և գազարի ու բուսական գլիցերինի սիրառատ միությամբ. ծնվում է Aveta-ն, որով կարելի է ցողել դեմքն ու ներդաշնակվել բնության հետ»։

Եթե չզբաղվեր ձեռներեցությամբ, ապա Արփինեն կհեղինակեր «Բիզնեսի 4 եղանակները» վերնագրով գիրք, չնայած այն դեռ մնում է նրա ծրագրերում։
Նա նշում է, որ եթե ցանկանում եք դառնալ ձեռներեց, ապա պետք է թողնեք բոլոր մտավախությունները և զարգացնեք ձեռներեցի մտածելակերպ։

Արփինեն որպես ձեռներեց իրեն բնութագրւմ է հոգատար և խելացի հավելելով, որ իր ամենամեծ ձեռքբերումը մարդիկ են, ովքեր ամեն օր օգտագործում են Aveta-ն։

Հաջողության հասած ձեռներեցը կիսվեց նաև իր հաջողության գաղտինքով․ «Ես սիրում եմ այն, ինչ անում եմ և սիրում եմ մարդկանց»։

Կիսվել նյութով