ARMSME

Վերստեղծելով հայկական ժառանգությունները․ «Լինոպատում»

1900-ականների սկզբին արևմուտքի երկրներում ի հայտ է գալիս լինոփորագրությունը, որն ի տարբերություն քարի, մետաղի և փայտի փորագրության, շատ ավելի երիտասարդ ճյուղ է։ Լինոգրաֆիան գեղարվեստական տպագրության բազմաթիվ տեխնիկաներից մեկն է։

Լինոփորագրությունը լինոլեումի և պլաստիկ պոլիմերային նյութերի վրա ուռուցիկ փորագրությունն է, որը տեխնիկայով մոտ է փայտագրությանը։ Ինչպես ցանկացած տեխնիկա, այս դեպքում ևս պետք է ունենալ համբերատարություն, դանդաղ ընթացքից ոչ թե խուսափել, այլ հենց այդտեղ գտնել հանգստություն։

Շատերը լինոփորագրության մեջ փորձում են գտնել իրենց ձեռագիրը և արտահայտել մտքերն ու հույզերը․ այսպիսին էլ մեր այսօրվա հերոսուհին է՝ երևանաբնակ Նանէն, ով 14 տարեկանից սովորելով Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում, մշտապես հետևել է երիտասարդ գրաֆիկ նկարիչների աշխատանքին և տարիներ անց հենց ինքը սկսել է զբաղվել այդ գործով։

 «‌‎Թեև ծնվել եմ Երևանում՝ երբեք հատուկ կապվածություն չեմ զգացել քաղաքի նկատմամբ։ Սիրում եմ Հայաստանի սարերն ու ձորերը, գյուղերն ու խուլ վայրերում թաքնված մեր հուշարձանները։ Չգիտեմ՝ որտեղից և ինչու, բայց միշտ ամեն կտոր մշակութային ժառանգության և բնության նկատմամբ ներքին պատասխանատվություն եմ զգացել, փորձել եմ լուծումներ գտնել, բայց հասկացել եմ, որ պահպանելու համար նախևառաջ պետք է առնվազն ճանաչենք մեզ հասածը»։

Ավարտելով արվեստի պատմության բաժինը՝ Նանէն սկսում է զբաղվել զբոսավարությամբ և իր սերը հայրենիքի նկատմամբ փոխանցել օտարներին, սակայն քովիդյան համաճարակից հետո զբոսաշրջային ոլորտը զգալի անկում է ապրում և այլևս չի վերադառնում նույն ակտիվությանը։ Այս շրջանում ունեցած դժվարությունները հաղթահարելու և նախկին կյանքին վերադառնալու համար Նանէն հիմնադրում է իր բիզնեսը՝ «Լինոպատումը»․ «‎Լինոպատումը հրաբուխի պես երևույթ էր ինձ համար, ներսիս մագման ուղղակի մի օր ժայթքեց, չպատմածս պատմությունները տեսողական նյութի վերածվեցին՝ լինոտպագրության տեխնիկայի միջոցով»։

Չնայած որ ներկայումս աշխարհը, ինչպես նաև արվեստը գնում է թվայնացման «‌‎Լինոպատում»-ի աշխատանքներում որևէ մեքենայացված գործողություն չկա, յուրաքանչյուր քայլը ձեռքի աշխատանք է՝ պատրաստված տարբեր չափերի՝ էջանիշներից մինչև մեկ մետրանոց տպագրություններ, հայկական քարարվեստի և մանրանկարչության տարբեր դետալներով սփռոցներ և այս ամենը ոչ միայն էսթետիկ հաճույքի համար են, այլ կապվում են դիտողի հետ իրենց պատմություններով, ամեն լինոտիպ մի պատում է ներկայացնում, որտեղից էլ եկել է նախաձեռնության անվանումը․ «‎Լինոպատումի միջոցով փորձում եմ ցույց տալ հայկականի թվացյալ հայտնի, բայց իրականում բավականին անտեսված կողմը։ Իմ մեկնաբանությամբ փորձում եմ մարդկանց իրենց «իմացածը» վերանայելու, ավելի մոտիկից կամ այլ անկյունից դիտարկելու հնարավորություն ստեղծել: Միգուցե այդպես մեր ունեցածը մի քիչ ավելի հարազատ դառնա մեզ»։

Խոսելով «‎Լինոպատում»-ի բիզնես բաղադրիչի մասին՝ հիմնադիրը նշում է, որ այն չի ստեղծվել որպես բիզնես գաղափար և նախնական շրջանում մոնետիզացնելու հեռանկարներ չի ունեցել, միտքը եկել է հետագա փուլերի ընթացքում՝ ընտանիքի, ընկերների, հետո նաև հաճախորդների պարբերաբար աջակցության շնորհիվ։

Չնայած Նանէի խոսքերով նա մանկուց լսել է «արվեստով փող չես աշխատի» արտահայտությունը՝  միևնույնն է Impact Hub Yerevan-ի Վահե և Լյուսի ֆելլոշիփի մասնակցության շնորհիվ նա սկսեց այդ գաղափարը դիտարկել որպես որոշակի եկամտի աղբյուր։

Խոսելով հաջողությունների մասին՝ պետք չէ մոռանալ այն դժվար և խնդիրներով լի ճանապարհը, որը ստեղծագործողները պատվով հաղթահարում են։ «‌‎Լինոպատում»-ը ևս բախվել է մի շարք խնդիրների, ինչպիսին է հաստոցների ձեռքբերումը, քանի որ դրանք Հայաստանում գրեթե բացակայում են։ Դժվարությունները հաղթահարելու և առաջ շարժվելու մասին Նանէն ասում է․ «‎Հերթով ու մի փոքր դանդաղ եմ ամենը անում, ես շտապել, ինքս իմ հետևից ընկնել չեմ սիրում, ամեն ինչն իր ժամանակին, կարևորը՝ ոչ մի րոպե նույն կետում չեմ մնում, անընդհատ շարժման մեջ եմ»։

Եզրափակելով հարցազրույցը՝ «‎Լինոպատում» նախաձեռնության հիմնադիրն իր դիտարկումներով է կիսվում սկսնակ ստեղծագործ-գործարարների հետ։

— Փոքրիկ բան կպատմեմ․ վերջին տարիներին բացահայտել եմ ինքս ինձ համար, որ ամեն ինչն ավելի պարզ ու հեշտ է, քան մենք պատկերացնում ենք։ Մենք մեզ շատ ենք ճնշում, դաստիարակությունն է, թե սոցիալ-մշակութային վիճակը, չգիտեմ, բայց գիտեմ, որ ճգնաժամային վիճակները մեզ մղում են լուծումներ ստեղծել, որ ստատուս-քվոյից դուրս գանք։ Նաև նկատում եմ, թե մարդիկ որքան են վախենում սխալներ անելուց, ինչքան են կորցրել մանկական խաղով ամեն ինչ լուծելու հավեսը, ամեն ինչը կշռադատում են, իրենք իրենց ուզում են կողքից նայել ու չեն նկատում, թե ինչ վախեր են ստեղծում իրենց գլխում։ Չեմ խոսում անպատասխանատու լինելու մասին, նկատի ունեմ՝ եթե ուզում ենք մի բան անել, ստեղծել, պետք է վստահել ընթացքին ու անել դա, ոչինչ, եթե լավ չստացվեց, միգուցե խաղալով վարպետանանք։ Ամեն մեկիս մեջ «ցեց» կա, պետք է այդ խեղճին չսպանենք, թողնենք՝ իր գործն անի, թող մի քիչ էլ մեր հին բրդերը քրքրի։

Կիսվել նյութով