Խոհարարական աշխարհում կա համերի և բույրերի մեծ բազմազանություն: Այնուամենայնիվ, երբեմն համեղ ուտեստները վայելելու ճանապարհը կարող է բարդանալ՝ ելնելով սննդակարգի տարբեր սահմանափակումներից: Նման մարտահրավերներից մեկը գլյուտենի հանդեպ անհանդուրժողականությունն է։ Հացազգիների՝ ցորենի, գարու, տարեկանի և այլ հատիկեղենի կազմում առկա սպիտակուցը, որը գլյուտեն է կոչվում, կարող է անցանկալի խնդիրների պատճառ դառնալ այն մարդկանց համար, որոնք գլյուտենի հանդեպ զգայունակություն կամ գլյուտենային անտանելիություն ունեն։
Սակայն սննդակարգի սահմանափակումները շատ մեծ դժվարություններ է առաջացնում, քանի որ համեղ և սիրելի հացաբուլկեղենից հրաժարվելը իսկապես բարդ է։ Այս խնդրին առնչվեց նաև Վիկտորյա Գրիգորյանը, ում երեխայի մոտ ախտորոշեցին գլյուտենի հանդեպ անհանդուրժողականություն՝ ցելիակիա, և նշանակեցին խիստ դիետա, որից հետո նա հիմնադրեց Gluten Free Bakery-ն՝ այսպես փորձելով գտնել սեփական խնդրի լուծումը։
Վիկտորիայի խոսքերով շատ երկար է փորձել Երևանում գտնել առանց գլյուտենի հաց և թխվածքներ․ «Կարելի է ասել, որ վստահելի աղբյուր չգտա։ Ինձ համար կարևոր էր, որ պատրաստման վայրում չլիներ գլյուտեն պարունակող այլ սննդամթերք, ինչպես նաև պատրաստողները հասկանային խնդրի մասին։ Չէ՞ որ ցելիակիայի դեպքում նույնիսկ գլյուտենի հետքերը կարող են վնաս պատճառել։ Իմ անձնական խնդիրը դարձավ Առանց գլյուտեն թխարանի հիմնադրման առիթը»։
Gluten Free Bakery—ն առաջարկում է թարմ հաց և հրուշակեղեն՝ զերծ գլյուտենից, սննդային սահամանափակումներ ունեցողները կարող են վայելել իրենց ծննդյան տորթը, ինչպես բոլորը։ Այստեղ նաև կարող եք գտնել vegan, ցածր ածխաջրերով և առանց շաքարի սնունդ, որը միաժամանակ և՛ համեղ է, և՛ օգտակար․ հենց սա էլ թխարանի կարգախոսն է։ Հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին՝ ընկերությունը տրամադրում է նաև խորհրդատվություն, որի շնորհիվ հաճախորդներն իրենց ավելի ապահով են զգում։
Թխարանը չի սահմանափակվում ներկա ռեսուրսներով և չի պատրաստվում կանգնել տեղում, այլ նախատեսում է ընդլայնվել և նոր մասնաճյուղեր բացել , ինչը շատ կարևոր է առանց գլյուտեն սնունդի հասանելիությունը ապահովելու համար:
Յուրաքանչյուր հաջողված պատմության և բարձունքներ նվաճած բիզնեսի հետևում մի ամբողջ պատմություն է՝ լի դժվարություններով և ձախողումներով։ Հիմնադիրն այս մասին ասում է, որ հիմնական դժվարությունը գիտելիքի պակասն էր, առաջին հերթին, առանց գլյուտեն ալյուրներով և մթերքներով աշխատելու հմտությունները, որոնք ձևավորվեցին աշխատանքի, փորձերի, ձախողումների և հաջողությունների արդյունքնում․ «մեր մյուս դժվարությունը բիզնես վարելու գիտելիքների և հմտությունների պակասն էր։ Այս առումով, ինձ շատ օգտակար եղավ Impact Hub Yerevan-ի կողմից հայտարարված Zartir ֆելլոուշիփի մասնակից ընտրվելը: Անկեղծ, սա անփոխարինելի փորձառություն էր՝ սովորելու բիզնես վարելու հիմունքները, նոր կապեր ձեռք բերել, լսել Հայաստանի ամենապրոֆեսիոնալ խոսնակներին և ամենակարևորը քեզ մենակ չզգալ դժվարությունների առջև և ոգեշնչող խոսքեր լսել»:
Ամփոփելով զրույցը՝ Gluten Free Bakery-ի հիմնադիր Վիկտորյա Գրիգորյանը իր խորհուրդն է տալիս բիզնեսում սկսնակներին․
«Արդեն որպես Zartir ֆելոու պետք է խորհուրդս տամ. մինչև բիզնես սկսելը անպայման կատարեք շուկայի ուսումնասիություն և բազային հաշվարկ»։
Գնե՛ք հայկականը՝ ի շահ հայ ձեռներեցի և Հայաստանի տնտեսության։