ARMSME

Ավանդույթ և արդիականություն. ինչպե՞ս է JanKaron-ը վերասահմանում նորաձևության կանոնները

Ժամանակակից աշխարհում ձեռագործ կաշվե իրերն ու աքսեսուարները աստիճանաբար ավելի մեծ տարածում են գտնում: Դրանք ոչ միայն ներկայացնում են բարձր որակ, այլև դառնում են անհատականության և նուրբ ճաշակի խորհրդանիշ:

Այսպիսի արժեք է առաջարկում շուկայում մոտ 17 տարի ակտիվ գործունեություն ծավալող Հասմիկ Հարությունյանը իր կաշվե ձեռագործ իրերի արտադրանքով, որի հիման վրա հիմնադրել է JanKaron բրենդը։ «Շուրջ 17 տարի ես զբաղվում եմ ստեղծագործական աշխատանքների արտադրությամբ, մասնակցել եմ բազմաթիվ ցուցահանդեսների, միջոցառումների և դասընթացների»։

JanKaron-ը առաջարկում է ձեռագործ և կաշեգործ նորաոճ պայուսակների, դրամապանակների և այլ աքսեսուարների լայն ընտրանի։ Խոսելով բրենդի անվան մասին՝ Հասմիկը նշում է. «JanKaron-ը հապավում է ինձ հարազատ մարդկանց անունների վանկերով՝ հորս և ամուսնուս, քանի որ նրանք են ի սկզբանե եղել եմ իմ կողքին և հավատացել իմ ուժերին»։


Հաճախ ստեղծագործ աշխատանքով զբաղված մարդիկ շրջապատի կողմից արժանանում են վատ գնահատականի, որը կարող է շատերի համար լինել դեմոտիվացիայի և հիասթափության պատճառ։ Այսպիսի վերաբերմունքի է արժանացել նաև մեր այսօրվա հերոսուհին` Հասմիկը, ում այս իրավիճակից դուրս գալու համար օգնել է հայրը, ով չնայած ֆիզիկական հեռավորությանը, հոգեպես եղել է աղջկա կողքին և սատարել՝ հարդորելով չլսել շրջապատի կարծիքը։ Հասմիկը նշում է, որ մոտ 1 տարի է, ինչ հայրը՝  Կարոն, իր կողքին չէ, սակայն այդ բացը լրացնում է ամուսինը մշտապես նրա գաղափարներին աջակցելով։ Այսպես էլ ստեղծվել է բրենդի անունը ի հիշատակ հայրիկի և ամուսնու աջակցության։

Հետևում ունենալով տարիների փորձ և թողնելով ահռելի աշխատանք՝ ներկայումս JanKaron-ը կարողանում է հարմարվել ժամանակակից նորաձևության պահանջներին և սեփական արտադրանքը առաջարկելուց բացի ականջալուր է լինում սպառողների կարծիքին։ Յուրաքանչյուր հաճախորդ կարող է պատվիրել աքսեսուար ըստ իր ճաշակի և ունենալ եզակի նմուշ։ Իսկ խոսելով JanKaronի առաջարկած բարձր որակի մասին՝ տիկին Հարությունյանը նշում է, որ ի շնորհիվ այս ոլորտում ունեցած վաստակի, արդեն իսկ ունեն վստահելի և սիրված մասնագետների, որոնց միջոցով էլ կարողանում են ձեռք բերել որակյալ հումք ապահովելով հաճախորդների կարիքներին համապատասխան արտադրանք։

Կաշվե աքսեսուարները երկար տարիներ դառնում են իսկական ուղեկիցներ, պահպանում են իրենց գրավչությունը և առանձնահատուկ փայլ հաղորդում կերպարին: Ձեռագործ արտադրանքը պարզապես միտում չէ, այլ վերադարձ դեպի արմատները, որտեղ յուրաքանչյուր իր ունի իր պատմությունը:

Եզրափակելով զրույցը JanKaron բրենդի հիմնադիր Հասմիկ Հարությունյանը իր խորհուրդն է տալիս բիզնեսում սկսնակներին.

«Վստահ եղեք ձեր ուժերին, հավատացեք ու մի հուսահատվեք, աշխատեք եռանդով և մեծ պատասխանատվությամբ։ Արդյունքը երկար սպասեցնել չի տա»։

Կիսվել նյութով